Ճանաչելիության բարձրացումը կարևոր նպատակ է յուրաքանչյուր ձեռնարկատիրոջ ու ընկերության համար: Ժամանակակից մարքեթինգային գործիքների մեջ ընտրություն կատարելիս հնարավոր չէ չհիշել SMM-ի մասին, քանի որ այն դարձել է ունիվերսալ միջոց  գրեթե ցանկացած խնդրի լուծում տալու համար: Երբ ֆիրման ցանկանում է իր ձայնը լսելի դարձնել միանգամից միլիոնավոր մարդկանց համար, լավագույն լուծումը լինելու է SMM-ը: Դուք, 200$ բյուջե հատկացնելով սոցցանցերին և, օրինակ արտաքին գովազդին, հաստատ չեք ապահովի տեսանելիություն նույն քանակի մարդկանց համար: Եկեք ռեալ դատենք՝ այդ գնով արտաքին գովազդ անգամ հնարավոր չէ պատվիրել:

Արագություն
Սոցկայքում դուք կարող եք գովազդ միացնել առանց երկար-բարակ սպասելու: Բացում ես էջ, անում կարգավորումներ, հրապարակում կոնտենտ և գովազդում: 
Սակայն պետք է հիշել՝ այս գործը պահանջում է ծայրահեղ լրջություն և տեղեկացվածություն՝ կապված կայքերի սահմանած օրենքների, ընդունելի ֆորմատների, չափերի հետ, ու անգամ ամենահմուտ մասնագետը երբեմն, օրինակ, պատրաստում է հրապարակում, որը հարթակն արգելում է գովազդել անգամ անարդարացի պատճառներով:

Շփում ուղիղ թիրախի հետ
Եթե ձեր արտադրանքը ֆիզիկական անձանց սպառման համար է, ապա 99% հավանականությամբ պետք է օգտվել SMM-ից: Հատկապես հիմա, երբ մարդիկ խուսափում են առերես շփումից, ամեն հարց կարելի է կարգավորել օնլայն՝ փոխանցումն էլ կազմակերպելով առաքման միջոցով: Նա անընդհատ տեսնելու է ձեր հրապարակումները, գովազդները, քանի որ ճիշտ կարողացել եք թիրախավորել, ու երբ գա որոշում կայացնելու պահը, նա հիշելու է հենց ձեզ: Այս պրոցեսը սահուն ու արդյունավեր կդարձնի սոցմեդիայի մասնագետը, որը գիտի՝ ինչպես գտնել թիրախին:

Պարտադիր չէ խանութ կամ գրասենյակ ունենալը

Փոքր բիզնեսները տարիներ շարունակ ունենում են վաճառքի զգալի ծավալներ անգամ առանց սրահ ունենալու՝ մեկ էջի միջոցով: 
Անգամ հնարավոր է առանց կայքից դուրս գալու կատարել վճարում ու գնել ապրանքը հենց Իսնտագրամից:

Ապահովում է թրաֆիկ
Եթե ունեք կայք, շատերը կարծում են՝ մարդկանց հոսք հնարավոր է ապահովել միայն SEO-ի ու Google Ads-ի միջոցով, սակայն նկատե՞լ եք՝ որքան մարդ է սեղմում ձեր տեղադրած հղման վրա ու գնում դեպի կայք: Հենց այն, որ ձեզանից շատերը մեզ հետևում են Ֆեյսբուքով և հիմա կարդում են այս տեքստը, խոսում է դրա մասին:
Հիշեցնենք նաև, որ Facebook Ads-ն ունի Pixel, որը կապում է կայքն ու Ֆեյսբուքը: Սրա շնորհիվ հնարավոր է իրականացնել ռեմարքեթինգ, հետևել մարդկանց նպատակային գործողություններին, օգտվել գովազդային ողջ բազմազանությունից: Սա ևս անհատները, գուցե, չկարողանան անել, ուստի պետք է դիմել պրոֆեսիոնալների օգնությանը:

Լիդերի գեներացում
Լիդերի գեներացումը սոցկայքերում պոտենցիալ հաճախորդների հետ կապ հաստատելու ամենաակնհայտ ու մատչելի ձևերից է: Այստեղ լրացված ձևաթուղթ ստանալը ավելի հեշտ է, քան իրական կյանքում:  

Հակադարձ կապ
Հակադարձ կապի հարցում այստեղ ևս առավելություններն ակնհայտ են: Արագ ստացվում է պատկերացում այն մասին՝ ովքեր են հաճախորդները, ինչ են սիրում, ինչ կարծիք ունեն ձեր պրոդուկտի մասին, ինչ ակնկալիքներ ունեն ընկերությունից և ալն: Հաճախ առաջանում է շատ արագ կարծիք իմանալու կամ, օրինակ, հարցում իրականացնելու անհրաժեշտություն: Ունե՞ք ակտիվ հետևորդներով էջ, դա ձեզնից րոպեներ է պահանջելու:
Էլ որտե՞ղ կարող ենք նման կապ ստանալ:

Շփում ժամանակի տվյալ պահին
Սոցակայքը թույլ է տալիս ցանկացած պահի ցույց տալ այն, ինչ կատարվում է ընկերության ներքին ու խոհանոցում, ու հավատացե՛ք, սա հենց այն է, ինչը հետաքրքրում է hետևորդներին: Դուք հրապարակումներից զատ կարող եք թարմացնել սթորիները և մտնել լայվ՝ շփվելու համար հետևորդների հետ, անցկացնելու մրցույթներ, անցկացնելու հարց ու պատասխան:

Ինչպես տեսաք՝ իզուր չէ, որ ամբողջ աշխարհում SMM ծառայությունների ոլորտը գնալով տարածում է գտնում, իսկ հիմա առավել ևս հենց թվային մարքեթինգի պահն է՝ առանց շփում՝ մնալով տանը: